Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանի տնտեսության զրոյական վիճակը

Հայաստանի տնտեսության զրոյական վիճակը
21.01.2015 | 15:43

Մի քանի ամիս առաջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսում էր, որ այս տարի մեր տնտեսությունն ունենալու է 3,5 տոկոս աճ, հիմա եվրոպացի փորձագետների կանխատեսումները հոռետեսական են դարձել. Նրանք կանխատեսում են տնտեսության 0 տոկոս աճ: Մեր պաշտոնյաները, հավանաբար, կուրծք կծեծեն, որ հերքեն այս կանխատեսումը, կարդարանան, թե հաշվարկի այլ մեթոդաբանություն է ընտրվել և այլն: Բայց մենք՝ սովորական մահկանացուներս, գիտենք, որ օրեցօր մեր կյանքի որակն անկում է ապրում, եկամուտները պակասում են, ծախսերը՝ շատանում: Մարդկանց պետք չէ հետևել մեր վիճակագրության ծառայության կամ միջազգային կառույցների կանխատեսումներին: Առանց զանազան թվերի էլ ամեն բան առավել քան ակնհայտ է, պարզ: Թվերը հաճախ մանիպուլյացվում են, հարմարեցվում են իշխանության մասնավոր շահերին կամ կանխատեսողների ցանկություններին, իրական կյանքը շատ ավելի դաժան է՝ մանիպուլյացիայի ու վարդագույն կանխատեսումների չենթարկվող: Մեր տնտեսությունն իրականում աճ ունենալ չի կարող ու դա պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Առաջին տեղում, իհարկե, Ռուսաստանի տնտեսության խորքային ու անվերջանալի թվացող ճգնաժամն է, նավթի գների համաշխարհային անկումը: Ռուսաստանը մեր տնտեսական առանցքային գործընկերն է, այդ երկրից են Հայաստան հոսում տրանսֆերտները, որոնց շնորհիվ տարիներ շարունակ քողարկվել է մեր տնտեսության ողբալի վիճակը, կառավարության անկարողությունն ու ապաշնորհությունը: Տնտեսության դիվերսիֆիկացիան մնաց իրար հաջորդող կառավարությունների հերթապահ խոստում, իրականության մեջ տնտեսության ռուսականացումը միայն շարունակվեց, մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսում են արդեն նույնիսկ օլիգարխները՝ ծիծաղ առաջացնելով հասարակության մեջ: Մի խոսքով՝ տնտեսության ճգնաժամն ունի պատճառներ ու կանխատեսելի էր: Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է լինելու մեր հասարակության հետ տնտեսության զրոյական աճի պայմաններում: Գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են, մենք դառնալու ենք ավելի անվճարունակ: Սոցիալապես անապահով, թշվառացած հասարակությունը երկու ելք ունի՝ պայքարել կամ արտագաղթել: Հայաստանում բացակայում է ռացիոնալ մոտիվացիա ունեցող ընդդիմությունը, հետևաբար՝ կազմակերպված պայքարի մասին մտածելն անիմաստ է: Սոցիալական բունտի հեռանկարը երկրին որևէ լավ բան չի խոստանում, ինչպես նաև արտագաղթի նոր ալիքը: 2015-ը վատ է մեկնարկել, տնտեսության առումով՝ լավատեսության հիմքեր նույնպես չկան: Երկիրը կանգնած է կառավարման որակը բարձրացնելու կամ ցնցումների անխուսափելիության երկընտրանքի առջև:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ